Օրերս Հանրային հեռուստատեսության «02» հաղորդաշարից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում անցկացված մրցությունում ճանաչվել է թեքվանդոյի միջազգային ֆեդերացիայի վարկածով մինչև 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն։ 28-ամյա հայ երիտասարդի հաջողությունն ինձ կրկնակի ուրախություն պարգևեց, որովհետև նա իմ բազմամյա ընկերոջ` Խաչիկ Սարգսյանի որդին է։ Ափսոսում եմ, որ վերջին շրջանում մեր մարզիկների հաճախ հանդիպող հաջողությունների թվում այս մեկն անցավ համարյա աննկատ։ Չեղան արդեն սովորական դարձած դափնեպսակով դիմավորումը, պաշտոնական ընդունելություններն ու զանազան խրախուսանքները։ Եվ միայն գերատեսչական «02»-ի պատրաստած փոքրիկ հեռուստատեղեկությունն էր, որից էլ, բարեբախտաբար, իմացանք այդ նվաճման մասին։ Այս ամենն ինձ հուշեց զուգահեռներ անցկացնելու Արայի հոր` ցայսօր Հայկական մանկավարժական համալսարանի դոցենտ, վերջերս 70-ը բոլորած ու գիտակցական կյանքի մեծ մասը մանկավարժությանը նվիրած, մի շարք բուհական և դպրոցական դասագրքերի հեղինակ, աշխարհագրագետ Խաչիկ Սարգսյանի կենսագրության հետ։ Ինչո՞ւ Խաչիկ Սարգսյանի էկոգիտությանն ու մանկավարժությանը նվիրվածությունը կարող է գնահատվել ուրիշների կողմից ¥մասնավորապես, նրա ծառայությունները Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով են գնահատվել միջազգային էկոլոգիայի և մանկավարժական կազմակերպության սանկտպետերբուրգյան գրասենյակի կողմից¤, բայց անտեսվել սեփական երկրում։ Օրինակ, մի՞թե չէր կարելի մինչ օրս էլ իր գիտելիքներն ուսանողությանը փոխանցող վաստակաշատ, ուղղամիտ և ազնիվ այս մարդուն ծննդյան 70-ամյակի և մանկավարժական գործունեության 50-ամյակի առիթով որևէ պետական պարգևի արժանացնել։ Կամ` ինչո՞ւ չխրախուսել Արա Սարգսյանի հաջողությունը, որը Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելով` մեր երկրին փառք ու ճանաչում է բերել, ԱՄՆ է հասել սեփական ուժերով, պետությանը նույնիսկ մեկ լումայի նեղություն չպատճառելով։ Կարծում եմ, Արա Սարգսյանի սխրանքը պետք է նշվի և խրախուսվի այս ոլորտի պետական կառույցների կողմից։ Իսկ մինչև դա կկատարվի, հաշվի առնելով, որ, երկրից բացի, Արայի նվաճումը պատիվ է բերել նաև մեր ոստիկանությանը, որպես նախկին բազմամյա ոստիկանության սպայի որդի, պատիվ ու համարձակություն ունեմ ՀՀ հարգելի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկելու ոստիկանության կապիտանի արտահերթ կոչում շնորհելով` ոգեշնչել կրտսեր գործընկերոջը` նորանոր հաղթանակների։
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ
ՀՀ ԳԽ և ՀՀ երկրորդ, երրորդ
գումարումների ԱԺ պատգամավոր